top of page

                  ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Տերունական աղոթք

Հայ առաքելական եկեղեցի

     Հայ Առաքելական Եկեղեցի - (պաշտոնական անունը`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի) — աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի առաջին քրիստոնեական համայնքը, որ պատկանում է Արևելյան (Օրիենտալ) ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Հայաստան, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին):

Հայոց եկեղեցու հիմնադրումը

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության վաղ շրջանի մասին պահպանված պատմական սկզբնաղբյուրները փոքրաթիվ են (Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, ասորական, հունական որոշ աղբյուրներ), սակայն առկա տեղեկություններն էլ բավարար են պատմական եղելությունների ամբողջական պատկեր ստանալու համար:Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից  Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։

Քրիստոնեությունը պետական կրոն Հայաստանում

    301թ.-ին Հայոց Տրդատ Գ Մեծ (287-330թթ) արքայի օրոք և  Գրիգոր Ա Պարթև Լուսավորչի (302-326) ջանքերով քրիստո-նեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն: Այդ թվականը համարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը: Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը: 

Կառուցվածք

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։

Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝

1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 

2. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն,

3. Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, 

4. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպէս հաջորդն ու ժառանգորդը Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի։

Բացի նվիրապետական այս չորս աթոռներից աշխարհի մի շարք երկրներում գործում են եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները: Թեմերի մեծագույն մասը, ինչպես օրինակ  ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում,   Արգենտինայում,  Բրազիլիայում,  Ավստրալիայում   և այլուր, գործում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո։ Կիպրոսի, Լիբանանի,Սիրիայի և Իրանի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության (նստավայրը Անթիլիաս) հովանու ներքո։

http://ter-hambardzum.net/

«Առաքելական  եկեղեցին և կրոնը`որպես քրիստոնյաների  հիմնաքար»- ՀՀ Սպորտի և Երիտասարդության  նախարարություն-2008թ.

bottom of page